ԱԺ-ում ընթանում են 2016-ի բյուջեի նախագծի քննարկումները, որոնք կշարունակվեն նաև եկող շաբաթ։ Ինչ խոսք, սա կարևորագույն ֆինանսական փաստաթուղթ է, որը պետք է ապահովի մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, սակայն նկատենք, որ վերջին վեց տարիներին բավականին մեծացել է արտաքին պարտքը՝ տարբեր վարկերի պատճառով։ Ի՞նչ ռիսկեր է պարունակում գալիք տարվա պետբյուջեն արտաքին պարտքի մասով՝ հարցրինք ֆինանսների փոխնախարար ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ։
-Արտաքին պարտքի մասով 2016-ի պետբյուջեի նախագծում որևէ ռիսկ չկա, քանի որ ֆինանսական հոսքերի՝ վարկերի և տոկոսների մարման մեխանիզմ է մշակվել։
-Պարոն Սաֆարյան, Դուք ֆինանսական դաշտում, կարելի է ասել, հարյուր տարվա «վոժդ» եք...
-Ձեզ ընդհատեմ, ոչ թե 100, այլ ընդամենը 28 տարվա։
-Դրա համար էլ 100 տարին կատակով եմ ասում, բայց 28 տարին էլ քիչ չէ, ուստի ուզում եմ, որ ռիսկերը գնահատեք որպես մասնագետ, ոչ որպես ֆինանսների փոխնախարար։
-Հիմնական ռիսկերը պետք է դիտարկել մակրոտնտեսական դաշտում։ Դրանք պայմանավորված են արտաքին գործոններով։ Իհարկե, ոչ պակաս կարևոր գործոն է նաև ներքին կառավարումը։ Փորձը ցույց է տալիս, որ արտաքին գործոնները զգալի դերակատարություն ունեն, այդ պատճառով էլ 2016-ի պետբյուջեի նախագծում սահմանվել է 2,3 % տնտեսական աճ։ Արտաքին սցենարների փոփոխությունները կարող են որոշակի ռիսկեր պարունակել։ Ընդհանրապես, մակրոտնտեսական ռիսկերը ռիսկեր են եկամուտների և հարկերի համար։
-Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները կարո՞ղ են մեզ համար ռիսկերի վերածվել։
-Իհարկե, սակայն թվերով հնարավոր չէ դրանք գնահատել։ Դուք գիտեք, որ Ռուսաստանն իր համար երեք սցենար է մշակել։ Մենք 2016-ի պետբյուջեով իրական տնտեսական աճը նախատեսել ենք 2,3 %՝ միջինացված սցենար է մշակված։ Իսկ Ռուսաստանը տնտեսական աճը սահմանել է մինչև -4 %։ Դրա համար էլ ասում եմ, որ արտաքին գործոնները կարող են փոփոխություններ մտցնել նաև մեր մակրոտնտեսական դաշտում։ Այս ազդեցությունները հնարավորինս կանխելու կամ մեղմելու համար մենք պետք է ներքին դաշտում ունենանք ռիսկերը կանխող գործոններ, մասնավորապես, ներդրումների տեսքով։
-Տնտեսության ո՞ր ոլորտը պետք է զարգանա՝ փակելով հնարավոր ռիսկերի ճանապարհը։
-Բյուջեի տեսանկյունից կարևորում եմ ենթակառուցվածքների զարգացումը։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ